Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Այդ դրույթը Ղարաբաղի հետ կապելը բացարձակ անմտություն է»

«Այդ դրույթը Ղարաբաղի հետ կապելը բացարձակ անմտություն է»
25.09.2009 | 00:00

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող քաղաքական զարգացումների, դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ։
-Պարոն Մինասյան, նախաստորագրված արձանագրությունների շուրջ բանավեճը գնալով ավելի մեծ թափ է ստանում։ Հանրապետության նախագահը հանդիպեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, կարելի է ասել, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների դիրքորոշումները հստակեցված են։ Եվ ՀՀԿ-ի հասցեին կան մեղադրանքներ, թե կուսակցությունը նահանջել է իր գաղափարական սկզբունքներից, իբրև կառավարող ուժ պատրաստ է աննախադեպ և անհիմն զիջումներ անել` ընդունելով Թուրքիայի բոլոր նախապայմանները։ Ձեր մեկնաբանությունը։
-Անշուշտ, ես վրդովվում եմ, երբ թերթերի էջերում երբեմն նման մեկնաբանություններ են լինում հանրապետության նախագահի և մեր կուսակցության այսօրվա արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ, եթե մեզ մեղադրում են զիջումների մեջ, քննադատությունը պետք է լինի առարկայական։ Այսինքն` այդ փաստաթղթերի բովանդակությունից ելնելով, ոչ թե ենթադրություններից։ Նախաստորագրված երկու արձանագրություններում որևէ նախապայման չկա։
-Մինչդեռ Ձեր ընդդիմախոսներն առնվազն երեք հոդված են նշում։ Առաջին` Ղարաբաղի մասով նշված է, որ կողմերը պայմանավորվում են «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը» հարգելու շուրջ։ Ենթադրվում է, որ արձանագրություններն այս ձևով ստորագրելու և վավերացնելու դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը այն կօգտագործեն Ղարաբաղի հարցում ճնշում գործադրելու համար։
-Դա բացարձակ անհեթեթություն է։ Այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը միջազգային հայտնի սկզբունք է։ Հայաստանը երբևէ չի միջամտել որևէ պետության, այդ թվում` Ադրբեջանի ներքին գործերին։ Ղարաբաղն ինքնորոշվել է, հռչակել իր անկախությունը, Ադրբեջանը սանձազերծել է պատերազմ, և Հայաստանը ներքաշվել է այդ հակամարտության մեջ որպես երրորդ կողմ։ Բայց հակամարտության հիմնական կողմերը Ղարաբաղն ու Ադրբեջանն են։ Այսինքն` դա Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն չէր, որպեսզի հետո էլ Հայաստանից պահանջվի այսօր դա չանել։ ԼՂՀ-ն ինքնորոշվել է միջազգային իրավունքի բոլոր նորմերի համաձայն, և դրանով Հայաստանը չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն պարզ պատճառով, որ Արցախը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Հետևաբար, այդ դրույթը Ղարաբաղի հետ կապելը բացարձակ անմտություն է։
-Իսկ տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության սկզբո՞ւնքը։ Այդ դեպքում ինչո՞ւ նույն հոդվածում չի ամրագրվել ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու նորմը ևս։
-Սահմանների անխախտելիության սկզբունքը Հելսինկյան եզրափակիչ ակտի կարևոր սկզբունքներից մեկն է, որը որևէ ձևով չի անտեսում ազգերի ինքնորոշման հնարավորությունը։ Այսինքն` դրանք միջազգային իրավունքի տարբեր հարթություններում գտնվող սկզբունքներ են։ Նախաստորագրված արձանագրություններում որևէ խոսք չկա Ղարաբաղի մասին։ Եվ դա արդեն իսկ նշանակում է, որ ժամանակին Թուրքիայի առաջ քաշած այդ նախապայմանը փաստաթղթում հանված է։ Այլ հարց է, թե որքանով թուրքական իշխանությունները կկարողանան այս հարցում համաձայնության հանգել իրենց ընդդիմության հետ, որովհետև կան ընդդիմադիր ուժեր Թուրքիայում, որոնք կառավարությանը քննադատում են հենց Ղարաբաղի վերաբերյալ նախապայման չդնելու համար։
-Երկրորդ վիճահարույց հոդվածը վերաբերում է միջկառավարական հանձնաժողովի կազմում «պատմական հարթությամբ զբաղվող» ենթահանձնաժողով ստեղծելուն։ Սա ցեղասպանության հարցը պատմաբանների հանձնաժողովի քննարկման առարկա դարձնելու Թուրքիայի վաղեմի առաջարկի վերաձևակերպված տարբերակը չէ՞։
-Իհարկե` ոչ, որովհետև այդ հանձնաժողովում աշխատելու են երկու երկրների պաշտոնյաներ, չինովնիկներ։ Այսինքն` միջկառավարական հանձնաժողովն ու նրա ենթահանձնաժողովները ձևավորվելու են նույն համամասնությամբ` Հայաստանն ու Թուրքիան ներկայացնող պետական պաշտոնյաներից։ Այդ պաշտոնյաներն էլ համատեղ քննարկումների ընթացքում որոշելու են յուրաքանչյուր ենթահանձնաժողովի աշխատանքային օրակարգը։ Ես չեմ պատկերացնում, թե որևէ հայ պաշտոնյա կհամաձայնի ցեղասպանության հարցը վիճարկման առարկա դարձնել ինչ-որ կառույցում։ Այն ճանաչել են բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ և, որպես իրողություն, քննարկման առարկա չի կարող լինել։
-Այդ դեպքում պատմական հարթությունում ի՞նչ խնդիրներ կարող են քննարկվել։
-Ասենք` Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը։ Հազար ու մի այլ խնդիրներ` Թուրքիայում հայության գույքային իրավունքների, եկեղեցուն պատկանող հողերի և հենց հայկական եկեղեցիները հայոց պատրիարքարանի իրավասության ներքո վերադարձնելու, դրանց վերականգնման հարցերը։
-Սակայն այդ նույն հոդվածում կա նաև ձևակերպում` «երկու ժողովուրդների փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում։ Այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար»։ Պարզ չէ՞, որ արխիվներով ու պատմական փաստաթղթերով պետք է զբաղվեն պատմաբանները։
-Քանի որ հանձնաժողովը միջկառավարական է, ենթահանձնաժողովները նույնպես կազմված են լինելու պաշտոնյաներից, պատմաբանները կարող են հանդես գալ որպես փորձագետներ։ Այն դեպքում, եթե ենթահանձնաժողովի օրակարգում քննարկման առարկա դառնա այնպիսի խնդիր, որն առնչվում է արխիվների ուսումնասիրությանը։ Ասենք, հայ եկեղեցուն պատկանող վանքապատկան հողերի, ցեղասպանությունից տուժածների ապահովագրական իրավունքների ուսումնասիրման հարցերը։ Իմ խորին համոզմամբ, առանց մեր համաձայնության հանձնաժողովի օրակարգում չի կարող քննարկվել ցեղասպանության հարցը` այն կասկածի տակ դնելու ենթատեքստով։ Ինքնին հասկանալի է, որ հայկական կողմը երբեք նման բանի չի համաձայնի։ Մինչդեռ, եթե քննարկման առարկա դառնա Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը, որպես եղելություն, կարծում եմ, որևէ քաղաքական ուժ նման մոտեցման դեմ չի առարկի։ Ի վերջո, մեր պահանջը հենց դա է, որ Թուրքիան ճանաչի կատարվածը։
-Ձեր ընդդիմախոսների մտահոգությունն այն է, որ այդ կարգի քննարկումներով Թուրքիան կսառեցնի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Հիշենք, որ ապրիլի 22-ին «ճանապարհային քարտեզի» ստորագրումից հետո Ալի Բաբաջանը բազմիցս հայտարարեց, թե հայերի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու ճանապարհին են, այլոց միջամտության կարիքը չկա։ Մտավախություն չունե՞ք, որ նույնը կլինի այս պարագայում։
-Զարմանալի կլիներ, եթե թուրքական կողմն այդ փորձը չաներ։ Բնականաբար, անելու է նաև հետագայում, բայց մեր խնդիրն էլ հենց այն է, որ այդ փորձերը համարժեք պատասխան ստանան նույն այդ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ձևով։ Այսինքն, եթե մենք թույլ տանք, հասկանալի է, որ Թուրքիան կփորձի խնդիրն այդ ձևով շահարկել, բայց չեմ կարծում, թե թույլ կտանք։ Բոլոր դեպքերում արձանագրության այդ դրույթը չի կարելի դիտարկել իբրև նախապայման, որովհետև, կրկնում եմ` այդ ձևով Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածի տակ դնել չի հաջողվի։ Այդ մտավախությունն անհիմն է։
-Եվ, վերջապես, երրորդ վիճահարույց հոդվածը, որը, Ձեր ընդդիմախոս կուսակցությունների պնդմամբ, ենթադրում է 1921-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի, այսինքն` Հայաստան-Թուրքիա այսօրվա սահմանի ճանաչում։ Այնտեղ նշված է` «վերահաստատել երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»։ Ի՞նչ է սա, եթե ոչ Կարսի պայմանագիրը։
-ՈՒշադրություն դարձրեք մեջբերման այն հատվածին, երբ խոսվում է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերի մասին։ Ես խիստ կասկածում եմ, որ Կարսի պայմանագիրը համապատասխանում է միջազգային իրավունքին, որովհետև ժամանակակից միջազգային իրավունքը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Կարսի պայմանագիրն այդ իրավական դաշտի հետ որևէ առնչություն չունի և ստորագրվել է շատ ավելի վաղ։
-Համարում եք, որ եթե Թուրքիան դա ուզենար փաստաթղթում ներառել որպես նախապայման, պետք է ուղղակի գրվա՞ծ լիներ։
-Եթե Թուրքիան կարողանար դա անել, ապա, այո՛։ Կասկած չունեմ, որ այդ ցանկությունը շատ մեծ է եղել, որովհետև անցած 15 տարիների ընթացքում այդ հարցը համարվել է Թուրքիայի հայտնի նախապայմաններից մեկը։ Սակայն արձանագրությունները փոխադարձ բանակցությունների հետևանք են, և կողմերը հանգել են նրան, ինչը փոխզիջումով հնարավոր է եղել ձեռք բերել։ Կարսի պայմանագրի վրա կոնկրետ մատնանշում չկա, այդ հարցը, կարծում եմ, որպես նախապայման դրված չէ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հիմքում։ Չեմ բացառում, որ մեր ընդդիմախոսների մի մասի մտահոգություններն այս կապակցությամբ շատ ազնիվ մղումների արդյունք են, բայց դրա համար հիմքեր չեմ տեսնում։
-Հիմա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ձևի մասին։ Վիեննայի 1961-63 թթ. կոնվենցիաներով այդ հարաբերությունները հաստատվում են պարզապես արտգործնախարարությունների միջև նոտաների փոխանակմամբ։ Մեզ, փաստորեն, առաջարկվում է ստորագրել պայմանագիր։
-Իսկապես, սովորաբար այդ հարաբերությունները հաստատվում են նոտաների փոխանակումով։ Բայց մեր և Թուրքիայի հարաբերություններն արտառոց են, որովհետև կա անցյալի ծանր բեռը` ցեղասպանությունը, որ յուրաքանչյուր հայ մարդու արյան մեջ է։ Այսպիսի պայմաններում նոտաների պարզ փոխանակումով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել իրականում հնարավոր չէ` առանց սահմանելու գոնե մի քանի փոխադարձ ընդունելի սկզբունքներ, որոնց շուրջ հետագայում հնարավոր կլինի հարաբերություններ կառուցել։
-Հակառակ օրինակը կա` Ռուսաստանն ու Ճապոնիան, որոնք միմյանց սահմանները չեն ճանաչել, հայտնի վիճելի խնդիրներ ունեն, բայց դիվանագիտական հարաբերություններ ստեղծվել են, տնտեսական հարաբերություններն էլ վերընթաց են ապրում։
-Օբյեկտիվ լինելու դեպքում չենք կարող չընդունել, որ հայ-թուրքական հարաբերությունները համեմատելի չեն այլ երկրների, այդ թվում` ռուս-ճապոնական հարաբերությունների հետ։ Երկու հայ, երբ իրար հետ վիճում են, մեկը մյուսին շատ հանգիստ ասում է` հո թուրք չե՞ս։ Անհնար է պատկերացնել, որ երկու ճապոնացի իրար հետ վիճելիս մեկը մյուսին ասի` հո դու ռուս չե՞ս։ Բացի անցյալի ծանր բեռից, կա նաև Հայաստանի անկախացումից հետո Թուրքիայի դրսևորած կեցվածքի խնդիրը` Ադրբեջանի շահերի միանշանակ պաշտպանությունն Անկարայի կողմից և Հայաստանի շրջափակումը, որ էապես սահմանափակեց մեր տնտեսական հնարավորություններն անցած տարիներին։ Այս ամենն անտեսվել չէր կարող, և ես կարծում եմ, որ ճիշտ է արձանագրությունների այս բովանդակությամբ հարաբերությունների կարգավորումը։
-Արձանագրությունները ստորագրելուց ու վավերացնելուց հետո կարող են պահանջել արդեն պաշտոնապես ճանաչել Կարսի պայմանագիրը։ Այդ դեպքում ի՞նչ պիտի անենք։
-Իմ կարծիքով, Հայաստանը Թուրքիայի հետ ներկա սահմանը կարող է ճանաչել միայն մի դեպքում, եթե Հայոց ցեղասպանությունը դառնա ոչ միայն միջազգային հանրության, այլև Թուրքիայի կողմից ճանաչված փաստ` դրանից բխող բոլոր բազմաբնույթ հետևանքներով։ Նկատի ունեմ փոխհատուցումը և այլն։ Այդ դեպքում սահմանի ճանաչումը խոչընդոտ չէ մեր ազգային պահանջները բավարարելու համար։
-Անդրադառնանք տնտեսական հարաբերություններին։ Հայաստանի ներքին արտադրողները մտահոգված են, որ սահմանի բացմամբ արհեստականորեն էժանացված թուրքական ապրանքը կլցվի հայկական շուկա, և մեր ներքին արտադրությունը կքայքայվի։ Այսինքն, սպասվող տնտեսական օգուտների փոխարեն վնասով դուրս կգանք գործընթացից։
-Չեմ ժխտում, որ սահմանի բացման դեպքում մենք խնդիրներ կունենանք` տնտեսական անվտանգության հետ կապված։ Բայց այս մտավախությունն ինքնին չի կարող սահմանը փակ պահելու շարժառիթ հանդիսանալ։ 21-րդ դարում փակ սահմանների առկայությունը նոնսենս է։ Ինչ վերաբերում է ներքին արտադրողների մտավախություններին, ապա դրանք փարատելու համար կան միջոցներ։ Մենք ունենք ձևավորված օրենսդրական դաշտ, գործում են հակադեմպինգային, ներքին շուկայի պաշտպանության մասին օրենքները, որոնք թույլ են տալիս որոշակի մեխանիզմներ կիրառել։ Կա օրենսդրությունից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտություն, դա էլ համապատասխան կառույցների կողմից կարելի է անել կարճ ժամկետներում։
-Իսկապե՞ս կարծում եք, որ սահմանի բացումը դրական իմաստով Հայաստանի տնտեսական վիճակը կփոխի։
-Ժամանակի ընթացքում` անկասկած, և ոչ միայն տնտեսական առումով։ Հայաստանը կդառնա տրանզիտային երկիր, եվրոպական շուկաներ մեր արտադրանքն արտահանելու էժան հնարավորություն կստեղծվի Գյումրի-Կարս երկաթգծի բացումով։ Մեր դրությունը փոխվելու է նաև անվտանգության առումով։ Մինչև այսօր Վրաստանն էր համարվում Հարավային Կովկասի բանալին կամ դարպասը, սակայն անցած ժամանակահատվածը և հատկապես 2008-ի օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ այս երկիրն ի վիճակի չէ այդ գործառույթը կատարելու։ Այդ իրադարձություններից հետո տարածաշրջանում իրադրությունն անդառնալի փոխվել է, նոր իրողություններ են առաջացել, որոնց պայմաններում Հայաստանը կարող է ունենալ նոր դերակատարություն։ Այս իրողությունները գիտակցում է նաև միջազգային հանրությունը, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է դիտարկել նաև այդ համատեքստում։
-Այո՛, եղել են և կան կանխատեսումներ, որ այս ամենը Թուրքիայի ու Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշման հետևանք է։
-Ճնշման առումով այնքան էլ համամիտ չեմ։ Սկզբունքորեն Հայաստանը միշտ հայտարարել է, թե Թուրքիայի հետ հարաբերություններ է կառուցելու առանց նախապայմանների։ Թուրքիան էլ այն պետությունը չէ, որի վրա պարզապես ճնշում գործադրելու միջոցով հնարավոր լինի ստիպել վերանայելու իր քաղաքականությունը։ Այսինքն, եթե դա տեղի է ունենում, բխում է այն իրողությունից, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակն է հարկադրում Թուրքիային վերանայելու իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Այլ բան է, որ դա միաժամանակ համընկնում է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների շահերին, և գործընթացն այդ առումով արժանանում է նրանց խրախուսմանը։
-Ասենք, Հայաստանի նախագահն ու խորհրդարանը պատրաստակամություն հայտնեցին ստորագրել ու վավերացնել այդ արձանագրությունները։ Արդյոք նո՞ւյնը կանի Թուրքիան։
-Ինչպես Թուրքիայում, այնպես էլ մեզ մոտ, կա ընդդիմություն։ Միաժամանակ թուրք հասարակությունը տասնամյակներ շարունակ որոշակի կաղապարների մեջ է գտնվել, և մեծ հարց է, թե որքանով իշխանությունը քաղաքական կամք կունենա իր հասարակությանն ու քաղաքական ընդդիմությանը ներկայացնելու և համոզելու, որ սա ճիշտ ուղի է։ Նույնը Հայաստանում. բոլորը չէ, որ միանշանակ և օբյեկտիվ են վերաբերվում այս փաստաթղթերին։ Չմոռանանք նաև Ադրբեջանի ճնշումը Թուրքիայի վրա։ Եթե Թուրքիայում իշխանությունը, ընդդիմությունն ու հասարակությունը պատրաստ լինեին Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, անշուշտ, Բաքվի ճնշումը նշանակություն չէր ունենա, թեպետ այնտեղ ակնհայտ հիստերիա է։ Բայց Թուրքիայում միանշանակ չէ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ հասարակության դիրքորոշումը, դրան գումարած Բաքվի ճնշումը։ Ըստ այդմ, կարծում եմ, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Թուրքիան ինչ վերջնական դիրքորոշում կունենա արձանագրությունների հետ կապված, և որքանով է քաղաքական իշխանությունը պատրաստ ու ի վիճակի այս գործընթացը մինչև վերջ հասցնելու։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ